Լսողության օրը

03 մարտի, 2021 թ.
Մարտի 3-ը Լսողության համաշխարհային օրն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 2050թ-ին աշխարհում 2.5 միլիարդ մարդ, այսինքն յուրաքանչյուր 4-րդը, լսողական այս կամ այն աստիճանի խնդիր է ունենալու, եւ չափազանց կարեւոր են լսողական զգայարանի առողջությունն ու խնամքը` խնդիրները կանխարգելելու համար:

«Հավատ» հասարակական կազմակերպության հիմնական գործընկեր «Արաբկիր» բժշկական համալիրն այս ոլորտում նույնպես մեր երկրի առաջատարներից է: Այստեղ են գործում «Մանկական սուրդոլոգիական» եւ «Խոսքի զարգացման» կենտրոնները, որոնց գործունեության շնորհիվ հնարավոր է դարձել կազմակերպել լսողության նորածնային սկրինինգը` ամբողջ հանրապետությունում, երեխաների լսողական խնդիրների վաղ ախտորոշումն ու փոխհատուցումը`լսողական սարքերով, ինչպես նաեւ նրանց խոսքի զարգացումը` սուրդոմանկավարժական պարապմունքների շնորհիվ:

Սուրդոկենտրոնում իրականացվում է մինչեւ 18 տարեկան 1000-ից ավել երեխայի դիսպանսեր հսկողություն: Նախադպրոցական տարիքի 40 երեխա հաճախում է խոսքի զարգացման Երեւանի կենտրոն: Մեր մասնագետներն աշխատում են նաեւ հանրապետության տարբեր մարզերում:

Լսղությանն առնչվող ցանկացած հարցի դեպքում կարող եք զանգահարել 010 23 19 53 կամ 015 400 300 եւ ներքին` 11 98: